Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Բաժին X

Խաչմերուկների անցումը

86.1.

Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:

2 հարց
87.

Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:

27 հարց
88.

Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:

13 հարց

Կարգավորվող խաչմերուկներ

89.

Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

2 հարց
90.

Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:

28 հարց
91.

Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

9 հարց
92.

Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

34 հարց
93.

Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը կարող է այն ազատել նախընտրած ուղղությամբ, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:

5 հարց
94.

Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:

8 հարց

Չկարգավորվող խաչմերուկներ

95.

Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:

12 հարց
96.

Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

149 հարց
97.

Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:

75 հարց
98.

Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

166 հարց
98.1.

4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:

11 հարց
99.

Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

69 հարց
100.

Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:

32 հարց
101.

Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

2 հարց